Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Առակաց գիրքը

Առակաց գիրքը
02.10.2009 | 00:00

«Պետք է իմանալ նաև, որ Սողոմոնի երեք գրքերը խրատ են մարդու երեք հասակի համար. Առակները` պատանիներին, Ժողովողը` երիտասարդներին, իսկ Երգ երգոցը` ծերունիներին։ Առակները սովորեցնում են մեզ բարոյական առաքինությունը, Ժողովողը` ստացականները, և Երգ երգոցը` աստվածայինները։ Առակներն արտաքին սրահն են, մյուսը` սրբությունը, և Երգ երգոցը` սրբություն սրբոցը։ Առակներով գալիս ենք հավատի իմաստությանը, աշխարհի ունայնությամբ (այսինքն` Ժողովողի գրքով)` երկնավոր հույսին, և Երգ երգոցով` Աստծո անախտ սիրուն, որը լրացնում է ամեն ինչ» (Ս. Գ. Տաթևացի)։
Աստվածաշունչ Մատյանի իմաստության գրականությանը պատկանող Առակաց գիրքը նախատեսված է ոչ միայն պատանիների, այլև, ինչպես գրում է Բ. Եղիայանը. «Ամեն դասի ու տարիքի պատկանող մարդիկ կարող են նստել ու հաճույքով կարդալ Առակաց գրքի իմաստուն խոսքերը։ Այնտեղ կան ամեն դասակարգի մարդկանց կենցաղային ու ընկերային խնդիրներին հատուկ իմաստուն խրատներ»։
Առակ բառը բազմիմաստ է. նշանակում է արձակ կամ չափածո ոչ մեծ այլաբանական երկ` բարոյախոսական կամ խրատական բովանդակությամբ, Նոր Կտակարանում` մթին և այլաբանական խոսքերով բացատրված ճշմարտություն, երբեմն ճշմարիտ պատմություն, բնությունից փոխառած օրինակ և նմանություն, ինչպես Հիսուս Քրիստոսի առակները։ Այն նշանակում է նաև առած, իմաստալից խոսք կամ ասույթ, ինչպես սույն գրքի պարագայում է։ Իսկ ասույթ ասելով, հասկանում ենք համառոտ, բայց խորիմաստ դատողություն, միտք, արտահայտություն։ Եբրայերեն առակ` «մաշալ» բառի հիմնական նշանակությունն է` «համեմատություն, նմանություն», այսինքն` խոսքը ոչ միայն տառացի իմաստ ունի, այլև փոխաբերական, բարոյական բնույթի երևույթներն ընկալվում են նյութական աշխարհի երևույթների միջոցով։
ԳՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Գիրքը բացվում է մի ամփոփ ու ընդհանուր նախաբանով, որը պարզաբանում է նրա բովանդակությունն ու արդարացնում խորագիրը: Ժողովածուն նպատակ ունի փոքրերին ու մեծերին՝ կյանքի զանազան պայմաններում ուղիղ, իմաստուն վարքով առաջնորդվելուն նպաստող բարոյական ու կրոնական փորձառություն հաղորդել: Այս փորձառությունը գրի է առնված անցյալի ու ներկայի ուսուցիչների «ուսուցման» մեջ. և սա ինքը «դաստիարակությունն» է՝ բառիս իսկական իմաստով: Բայց գրքի հեղինակը ձգտում է հավաստիացնել, որ այդ փորձառության աղբյուրը Տերն է: «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը` պարզամիտներին խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով, իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղն իմաստություն ստանա, թափանցի առակների և խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանության մեջ։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով, իսկ զգոնության սկիզբը բարի աստվածապաշտությունն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստությունն ու խրատը» (Ա 1-7)։
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
«Առակաց» գրքի ասույթների ամբողջությունը կազմում է, այսպես կոչված, իմաստությունը (եբրայերեն` խոքմա): Իմաստունների շուրթերից ելած այս իմաստությունն ինքնուրույն ու ինքնագործ Զորություն է, որը բարբառում է իմաստունների միջոցով, նրանց ու բոլորին շնորհում հայտնութենական ճշմարտության հասկացողությունը. «Առ ի չգոյէ տեսլեան մոլորի ժողովուրդ, իսկ որ պահէ զօրէնս, երանելի է» (ԻԹ 18): «Առակաց» գրքի բովանդակ ուսմունքը Տիրոջ խոսքն է կամ Տիրոջ օրենքը. մասնավորապես այն բխում է հավիտենական Իմաստության անձից, Ով արարել է աշխարհը (Ը 27-30, հմմտ. Գ 19), մինչ արարչագործությունը եղել Աստծու մոտ (Ը 22-26), միշտ մոտ է մարդկանց որդիներին (Ը 31), Իսրայելում միտումնավոր կերպով հրապարակայնորեն քարոզվել հասարակական վայրերում (Ա 20-21, Ը 1-4), լսում է խնդրողների աղոթքները (Ա 28), իմաստության հոգին շնորհում այն ընդունողներին (Ա 23), հանդիսանում Աստծու Իմաստության անձնական կամ անձնավորված խոսքը: Առանձնակի գեղեցկությամբ է շարադրված իմաստության գովքը (Ը գլուխը), որի 22-31 համարներում Եկեղեցու հայրերը տեսնում էին Սուրբ Երրորդության երկրորդ անձին` Աստծո հավիտենական իմաստությանն ու խոսքին` Հիսուս Քրիստոսին։
Համաձայն «Առակաց» գրքի, ինչպես նաև, այսպես կոչված, բովանդակ խոքմիական սուրբգրային գրականության (որոշ սաղմոսներ՝ ԼԶ, ԽԹ, ՀԲ և այլն, «Հոբի» գիրքը, «Ժողովողի» գիրքը, «Սիրաքի» գիրքը), իմաստության էական բնույթը կազմվում է երկու հիմնական գծերից: Առաջին՝ այս իմաստությունն ամբողջովին հիմնվում է կրոնի վրա և, ըստ էության, ճշմարիտ աստվածագիտություն ու աստվածապաշտություն է. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Ա 7), «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմություն, օրենքի իմացությունը մտքի հարստություն է» (Թ 10): Երկրորդ՝ այս իմաստությունը նախևառաջ և առավելապես գործնական բնույթ ունի. եթե մարգարեական գրվածքներում շատ է խոսվում Աստծու ժողովրդի ապագայի, նրա հավատքի մասին և այլն, ապա «Առակաց» գրքում այս տեսական տարրը սուրբ հեղինակի դատողությունների կռվանն ու մտադրությունն է: Իսկ նրա խոսքի գլխավոր առարկան աստվածապետական հասարակության ու նրա առանձին անդամի՝ Տիրոջ օրենքով առաջնորդվելու գործնական կյանքն է: Գոյություն ունի Աստծու շավիղ, և այս շավիղը «ոգու ամրություն է մաքուր մարդկանց համար, բայց սրտաբեկություն է նրանց համար, ովքեր չարիք են գործում» (Ժ 29): Յուրաքանչյուր ճշմարիտ իմաստության աղբյուրը Տիրոջ օրենքի մեջ է. «Տերն է, որ ուղղում է մարդու քայլերը, էլ ինչպե՞ս մահկանացուն խելամուտ լինի իր ճամփաներին» (Ի 24): Տիրոջ շավիղներով ընթանալու կամ այն մերժելու համեմատ, բովանդակ մարդկությունը բաժանվում է իմաստունների ու հիմարների, այսինքն՝ բարեպաշտների, որոնք հակված են Տիրոջ օրենքն ընդունելու և Նրա ճանապարհով ընթանալու, և ամբարիշտ ու մեղավոր մարդկանց (տե՛ս, օրինակ՝ Ժ 23), ովքեր փորձում են բոլորի համար ընդհանուր Աստծու կամքին հակադրել իրենց անհատական կամքը, որով և խախտում են աշխարհի ներդաշնակությունը: Ընդսմին, ըստ Տիրոջ վճռի, առաքինության անխուսափելի արգասիքը բարին ու երջանկությունն է, իսկ ամբարշտության ու մեղքի՝ զանազան դժբախտությունները (տե՛ս, օրինակ՝ ԺԲ 21, ԻԱ 18): Այս հիմնական սկզբունքից էլ բխում են «Առակաց» գրքի բազմաթիվ խրատները, որոնք ընդգրկում են մարդու կենսական ու կենցաղային հարաբերությունների ողջ բազմազանությունը: Ընդհանուր առմամբ «Առակաց» գրքի ասույթների ամբողջությունն իրենից ներկայացնում է Մովսեսի օրենսդրությանը զուգահեռ մի յուրօրինակ բարոյական օրենսդրություն: Բայց եթե Մովսեսի գրքերը, որոնք, ըստ իրենց նշանակության, օրենսդրական են, առավելապես ուշադրություն են դարձնում հրեաների, իբրև բացառապես աստվածընտրյալ ժողովրդի, քաղաքացիական ու կրոնական կյանքի ազգային ձևերի հանգամանալից շարադրմանը, ապա «Առակաց» գրքի օրենսդրությունը համապարփակ տեսակետ ունի (գրքում բնավ հիշատակված չէ Իսրայելի անունը) և ի շարս հրեության սուրբգրային ուրույն գծերի, նպատակ ունի նաև շարադրելու հոգևոր կյանքի համամարդկային կողմերը, ընդհանուր հասարակական ուղղությունն առ ճշմարտությունն ու բարին: Իմաստության հասկացությունը, «Առակաց» գրքի ըմբռնմամբ, չի սահմանափակվում միայն կրոնականությամբ, երկյուղածությամբ ու բարեպաշտությամբ, այլև ընդգրկում է հրեայի՝ կրոնապետականի կյանքն իր բովանդակ բազմազանությամբ, բոլոր ուղղություններով ու բոլոր առումներով. այսպես, օրինակ, իմաստության հասկացության մեջ անհրաժեշտաբար մտնում են խոհեմությունը, խորաթափանցությունը, շրջահայացությունը, գեղարվեստական ընդունակությունները և այլն: Օրենսդրական բովանդակության առումով, առավելապես նմանվելով մովսիսական օրենքի գրքերին և դրանով իսկ տարբերվելով պատմական ու մարգարեական գրքերից, «Առակաց» գիրքն այն նմանությունն ունի վերջիններիս հետ, որ բարոյական տարրը ինչպես նրանում, այնպես էլ մարգարեների մոտ գերիշխում է պաշտամունքային-ծիսական տարրի վրա: Հետևաբար, «Առակաց» գրքի փիլիսոփայությունը ոչ մի ընդդիմադիր վերաբերմունք (ըստ ոմանց կարծիքի) չունի Մովսեսի օրենքի նկատմամբ: Ընդհակառակը, Մովսեսի օրենքը, ի դեմս «Առակաց» գրքի, նոր հենակետ գտավ, քանզի համամարդկային մարդասիրական առաքինությունների արծարծումը պետք է մեղմեր ժողովրդի խստապարանոց ոգին և տրամադրեր նրան նաև օրենքի պատվիրանները կատարելու. ընդ որում, բարոյական խնդիրներն այստեղ լուծվում են միայն օրենքի ոգուն համապատասխան: Հետևաբար, իրավացի է հրեական ավանդության (Երգ երգոցի (Գ 2) միդրաշ) պնդումը, ըստ որի, Սողոմոնը, մեկ ասույթից մյուսին, մեկ համեմատությունից մյուսին անցնելով, այդ եղանակով հետազոտեց Թորայի՝ Հնգամատյանի գաղտնիքները, ավելին՝ մինչ Սողոմոնը ոչ ոք պատշաճ կերպով չէր հասկանում Թորայի խոսքերը:
Եվ պատահական չէ, որ մեր աստվածաշնորհ թարգմանիչները Աստվածաշնչի թարգմանությունը սկսեցին այս գրքով, իսկ առաջին հայաբարբառ տողը դարձավ սույն գրքի առաջին համարը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ա 2)։
ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ԱՌԱԿԱՑ ԳՐՔԻՑ
Դու քո աչքին իմաստուն մի թվա, այլ վախեցի՛ր Տիրոջից և խուսափի՛ր ամենայն չարից։
Դա քո մարմնի համար բուժում և քո ոսկորների համար դարման կլինի։
Տերը հակառակ է ամբարտավաններին,
Նա շնորհ է տալիս խոնարհներին։
Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, բայց արդար կշեռքը հաճելի է նրան։
Արդարների բարությամբ բարեկարգվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախության հանդես է լինում։
Նրանք, որ առաջնորդ չունեն, պիտի ցած թափվեն տերևների պես, բայց երբ շատ են խորհրդականները, փրկություն կգտնվի։
Ով բարիք է անում, նա բարության շնորհ կգտնի, իսկ ով չարիք է նյութում, չարիք կհասնի նրան։
Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կգտնի։
Ով ինչ արհամարհի, դրանից էլ պիտի արհամարհվի. ով երկյուղ է կրում պատվիրանից, առողջ պիտի լինի։
Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են իրենց ձեռքով։
Ճանապարհներ կան, որ մարդկանց թվում են ուղիղ, բայց դրանց վերջավորությունը դժոխքի հատակն է հասնում։
Զայրացկոտ մարդը գործում է առանց մտածելու, իսկ իմաստուն մարդը խիստ համբերատար է։
Աղքատներին ատում են նույնիսկ իրենց բարեկամները, մինչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ։
Ով անարգում է տնանկին, մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանության։
Տիրոջ հրամանը կյանքի աղբյուր է, որը խուսափել է տալիս մահվան որոգայթներից։
Թագավորի փառքն իր զորքերի բազմության մեջ է, հզորների կործանումը` իրենց ժողովրդի նվազելու մեջ։
Հեզաբարո մարդը սրտի բժիշկ է, հոգս անող սիրտը` ոսկորների փտություն։
Կործանմանը նախորդում է թշնամանքը, անկմանը` չար բարքը։
Իմաստուններին ու հանճարներին անմիտ են կոչում, բայց նրանց, որ քաղցր-մեղցր խոսքեր ունեն, ավելի շատ են լսում։
Համբերատար մարդը լավ է հզորից, իմաստություն ունեցողը` մեծատարած հանդեր ունեցողից,
իր բարկությունը զսպողը` մեծազոր քաղաք գրավողից։
Լավ է մի պատառ համով հացը` խաղաղությամբ, քան միս ու բարիքով լի տունը` թշնամությամբ։
Հանցանքը ծածկողը բարեկամություն է փնտրում, բայց այն բացահայտողը բարեկամներին և ընտանիքը բաժանում է իրարից։
Ով բարիքի փոխարեն չարիք է հատուցում, չարը չի պակասի նրա տնից։
Ովքեր անիրավին համարում են արդար ու արդարին` անիրավ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև։
Անմիտ մարդուն հարցրին, թե ի՞նչ է իմաստությունը, և նա գտնո՞ւմ է արդյոք, որ իմաստություն կա. նա պապանձվեց, և կարծեցին, թե իմաստուն է։
Վատին կործանում է վախը, իսկ կնաբարո անձինք պիտի քաղցի մատնվեն։
Տղամարդու սիրտը գոռոզանում է կործանումից առաջ և խոնարհվում` փառքի հասնելուց առաջ։
Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, և ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան։
Այն որդին, որ անարգում է հորը և հեռացնում մորը, պիտի ամոթ կրի և նախատինք։
Տանջանքները պատրաստված են անխելք մարդկանց համար, պատիժները` անզգամների։
Գինին անառակության է մղում, հարբեցողությունը` թշնամության, և ով անձնատուր է լինում դրանց, խելացի չէ։
Խաբեության հացը քաղցր է թվում մարդուն, բայց հետո նրա բերանը պիտի լցվի խիճով։
Ով հայհոյում է իր հորն ու մորը, նրա լույսը պիտի հանգչի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խավարը։
Ով ուրախություն է սիրում` կարիքի մեջ կընկնի, ով գինի ու ձեթ է սիրում, չի հարստանա։
Երիվարը պատրաստվում է պատերազմի օրվա համար, բայց Տիրոջից է գալիս հաղթանակի օգնությունը։
Բարի անունը լավ է մեծ հարստությունից, ընտիր շնորհքը` արծաթից ու ոսկուց։
Աղքատները պիտի տիրեն հարուստներին, և ծառաները պիտի փող տան իրենց տերերին։
Աստված սիրում է ուրախ ու առատաձեռն մարդուն. աղքատին ողորմություն անողն ինքն էլ պիտի կերակրվի, որովհետև տնանկին իր հացից է բաժին հանել։
Կաշառք տվողը հաղթություն և պատիվ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին։
Ժանտ մարդուն դո՛ւրս վռնդիր ատյանից, և հակառակությունը կվերանա նրա հետ, որովհետև երբ նա նստած է լինում ատյանում, անարգում է բոլորին։
Տերը սիրում է մաքուր սիրտը, և բոլոր անարատ մարդիկ ընդունելի են նրան։
Քո ոտքով շատ մի՛ հաճախիր բարեկամիդ մոտ, գուցե թե քեցանից կշտանա ու քեզ ատի։
Մի՛ պարծեցիր վաղվա օրով, որովհետև չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ։
Անողորմ է զայրույթը, բարկությունը` սաստիկ, բայց ոչ մեկից էլ պակաս չէ նախանձը։
Լավ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբույրը։
Կուշտ մարդն արհամարհում է խորիսխն ու մեղրը, բայց քաղցածի համար դառը բանն էլ քաղցր է թվում։
Իր բույնը լքած թռչունի նման` իր տեղից օտար վայր գնացած մարդն իրեն ստրուկ է զգում։
Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ` ընկերոջ երեսը։
Ինչպես մարդկանց դեմքերը նման չեն իրար, այնպես էլ նման չեն նրանց սրտերը։
Ով իր տունը լցնում է տոկոսներով ու վաշխով, նա կուտակում է այն մարդու համար, ով ողորմում է աղքատին։
Նա, ով աղքատ է, քաղցած առյուծի և ծարաված գայլի պես դաժան կլինի թշվառ ժողովրդի նկատմամբ։
Բարի չէ նա, ով երեսպաշտորեն խուսափում է անօրեններին հանդիմանելուց. նա պատրաստ է մարդ վաճառել մի կտոր հացով։
Ամբարիշտների շատանալով` հեծում են արդարները, բայց նրանց կորստյամբ բազմանում են արդարները։
Մեղավոր մարդու համար խիստ որոգայթ կլարվի, բայց արդարը պիտի լինի ուրախության և խնդության մեջ։
Անօրեն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրենքը, նա երանելի է։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 11649

Մեկնաբանություններ